Անտառներ
Անտառը ծառաթփային բուսականության գերակշռությամբ կենսաբանական բազմազանության ամբողջություն է: Անտառում գլխավոր դերը պատկանում է ծառերին ու թփերին, իսկ երկրորդականը՝ խոտաբույսերին, թփուտներին, մամուռներին, քարաքոսերին և այլն: Միատեսակ ծառերից, օրինակ՝ կաղնուց, կազմված անտառները կոչվում են մաքուր անտառ, տարբեր տեսակներից, օրինակ՝ կաղնուց և հաճարենուց, կազմվածները՝ խառնանտառ: Անտառի կառուցվածքը պայմանավորված է ծառերի բարձրությամբ, շարահարկայնությամբ, խորությամբ, ծառաթփային տեսակաշարով: Անտառի ծառատեսակները լինում են գլխավոր և երկրորդական:
Գլխավոր կամ անտառկազմող
ծառատեսակներն անտառային համակեցության գերիշխող, դիմացկուն, ամենախոշոր ծառերն
են, որոնք առաջացնում են առաջին շարահարկը, զբաղեցնում են մեծ տարածք և ապահովում
են անտառի բարձրությունն ու կայունությունը:
Երկրորդական կամ ուղեկցող
ծառատեսակները ստվերասեր և խոնավասեր են, առաջացնում են երկրորդ շարահարկը,
նպաստում են գլխավոր տեսակների աճմանն ու զարգացմանը, ապահովում վերին շարահարկի
բավարար խտությունը, ստվերում պահում հողը՝ նվազեցնելով գոլորշիացումը: Կլիմայական
տարբեր գոտիներում ձևավորվում են տարբեր տիպերի անտառներ:
Բարեխառն գոտու
ասեղնատերև անտառները տարածվում են
Եվրասիայի և Հյուսիսային Ամերիկայի բարեխառն լայնություններում:Բարեխառն գոտու
հյուսիսային շրջաններում (տունդրայից հարավ), որտեղ օդի ջերմաստիճանը ցածր է,
տարածվում են ասեղնատերև անտառները, որտեղ ծառերի ու թփերի տերևները վերաճել
են ասեղների (ունի պաշտպանիչ նշանակություն) և ծածկված են լավ
զարգացած մեխանիկական հյուսվածքով. դրանք նպաստում են վեգետացիայի շրջանում
խոնավության լրիվ յուրացմանը, իսկ ձմռանը ծառերը պահպանում են չորացումից:
Տերևների յուրահատուկ ձևը նեղ սաղարթների հետ միասին առատ ձյան ծածկույթից սաղարթի
չկոտըրվելու, ինչպես նաև Արեգակի ցածր դիրքում նրա լույսն օգտագործելու
հարմարանք է: Մութ ասեղնատերև անտառներում գերիշխում են ստվերասեր ծառատեսակները
(եղևնի, սիբիրական սոճի), լուսավոր ասեղնատերև անտառներում` լուսասեր կվենին և
սոճին:
Մութ ասեղնատերև
անտառները սովորաբար ունեն 2–3 շարահարկ: Առաջին շարահարկը ծառային է, երկրորդը՝
խոտային, երրորդը՝ մամռային: Թփերը հանդիպում են հատուկենտ և ինքնուրույն շարահարկ
չեն կազմում: Անտառի թույլ լուսավորվածության պայմաններում բազմաթիվ բույսեր
կորցրել են քլորոֆիլը և անցել սապրոտրոֆ կյանքի:
Լուսավոր ասեղնատերև
անտառների ծառերն ավելի նոսր են դասավորված, ստորին շարահարկերում գերիշխում են
քարաքոսերը, լույսի համեմատաբար մեծ ինտենսիվությունը նպաստում է թփուտային
շարահարկի զարգացմանը:
Ասեղնատերև անտառներում
անողնաշարավոր կենդանիների գերակշռող մասը, որոշ կաթնասուններ, երկկենցաղներ և
սողուններ խստաշունչ ձմեռների ժամանակ անցնում են պասսիվ վիճակի: Որոշ կենդանիների
համար բնորոշ են սեզոնային գաղթերը (միգրացիաները): Ասեղնատերև անտառներում ամբողջ
տարին կա անհրաժեշտ քանակությամբ թարմ և մատչելի կեր:
Լայնատերև ծառերն աչքի են
ընկնում լայն տերևաթիթեղիկներով, տերևներն ունեն վառ կանաչ գույն, զուրկ են
մազածածկից: Ծառերի բներն ու ճյուղերը ծածկված են հաստ կեղևով, իսկ բողբոջները՝
ամուր իրար վրա նստած թեփուկներով: Այս առանձնահատկությունները ձմռանը նվազեցնում
են գոլորշիացման ինտենսիվությունը:
Ի տարբերություն
ասեղնատերևավորների՝ լայնատերև անտառներն աչքի են ընկնում լավ զարգացած (2
ծառային, 2 թփուտային և մի քանի խոտային) շարահարկայնությամբ, հարուստ ենթանտառով
և խոտածածկույթով:
Լայնատերև անտառների
կենդանական աշխարհը հարուստ է և բազմազան:
Մերձարևադարձային խոնավ
անտառները տարածվում են գոտու
առավել խոնավ շրջաններում՝ Հյուսիսային Ամերիկայում (հարավային մերձափնյա շրջաններում
և Ֆլորիդայում), Ճապոնիայում, Նոր Զելանդիայում, Հիմալայների հարավային լանջերին,
Այսրկովկասում: Հիմնականում կազմված են երկշաքիլավոր բույսերից, երբեմն հանդիպում
են նաև ասեղնատերև ծառեր: Ծառերի տերևներն օժտված են խոշոր տերևաթիթեղներով,
փայլուն են, կաշեկերպ, ձվաձև, ունեն վառ կանաչ գույն, խոշոր միջբջջային
տարածություններ և զուրկ են թավոտությունից: Արեգակի ճառագայթների նկատմամբ միշտ
դասավորվում են ուղղահայաց:
Այս անտառների բարենպաստ
պայմանները՝ մեղմ ձմեռները, տաք հողերը, կերային բարձր արժեք ունեցող սերմերի ու
պտուղների առատությունը, նպաստել են հողում և անտառային թաղիքում բնակվող
անողնաշարավորների ու վերգետնյա կյանք վարող մի շարք բուսակեր կենդանիների
բազմազանությանը:

Չորային
ժամանակաշրջանում չորասեր նոսրանտառների կենդանիների գերակշռող մեծամասնությունը
չի բազմանում. անողնաշարավորներն ու երկկենցաղները քուն են մտնում իրենց
թաքստոցներում, որոշ կենդանիներ կեր են պաշարում անբարենպաստ շրջանի համար, իսկ մի
մասն էլ քոչում և կենտրոնանում է գոտու այն ոչ մեծ տարածքներում, որտեղ առկա են
իրենց գոյության համար բարենպաստ պայմաններ:
Չորասեր նոսրանտառներն
ավելի խոնավ շրջաններում փոխարինվում են արևադարձային տերևաթափ անտառներով:
Չորային ժամանակաշրջանում սովորաբար տերևաթափվում են միայն վերին շարահարկի
ծառերը, երկրորդ շարահարկինը մշտադալար են: Այս անտառներում գերակշռում են
ցածրահասակ ծառերը: Առատ տեղումներով շրջաններում տարածվում են արևադարձային
կիսամշտադալար անտառները, որտեղ վատ է արտահայտված շարահարկայնությունը. թփուտային
շարահարկը հիմնականում բացակայում է: Այս անտառները տարածվում են Հարավարևելյան
Ասիայում, Հնդկաստանում, Հնդկաչինում, Հարավային Ամերիկայում, Աֆրիկայում:

Խոնավ արևադարձային
անտառների ծառերը և թփերն աչքի են ընկնում իրենց յուրահատուկ տերևներով: Դրանք
խոշոր են, կոշտ, կաշեկերպ և պարունակում են մեծ քանակությամբ կայծքարահող,
էլիպսաձև են, տերևաթիթեղի վերին մակերեսը հարթ է և փայլուն, իսկ ստորինը երբեմն`
թավոտ: Փայլուն մակերեսն ունի պաշտպանական նշանակություն. անդրադարձնում է արևի
ճառագայթները և նպաստում տերևների վրայից անձրևի կաթիլների արագ արտահոսքին:
Խոնավ արևադարձային
անտառները հարուստ են ծառերի բների վրա բնակվող բույսերով՝ էպիֆիտներով, և աչքի են
ընկնում կենդանիների բազմազանությամբ:
Комментариев нет:
Отправить комментарий